Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել։

«Քննչական դեպարտամենտը գործողություններ է կատարում Խաչատրյանի տանը, բնակարանում, առանձնատանը»,- նշեց նա լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ խուզարկությունները դեռևս շարունակվում են։

Ապացույցների համակցության հիման վրա, ԱԱԾ պետի փոխանցմամբ, դեպարտամենտն առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով է գործ հարուցել։ Նա նաև չբացառեց, որ մեղադրանքը կլրացվի այլ հոդվածներով։ Ենթադրյալ հանցագործությունը, նրա խոսքով, կատարվել է պաշտոնավարման ընթացքում։

Արթուր Վանեցյանը նշեց այս գործով մեկ այլ մարդու անուն․ Կարեն Խաչատրյանը, որը Գագիկ Խաչատրյանի ազգականն է։ Խաչատրյանները բերման կենթարկվեն, մինչև օրվա ավարտը նրանց կարգավիճակը կորոշվի, և ԱԱԾ մամլո ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։ Վանեցյանը նաև հավելեց, որ Խաչատրյանի որդիների վերաբերյալ որևէ բան չկա։

ԱԱԾ ղեկավարի վերջին տվյալներով՝ Խաչատրյանի Ծաղկաձորի տան խուզարկությունն ավարտին է մոտենում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը 2008-14 թթ. Եղել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, իսկ 2014-18 թթ․ ֆինանսների նախարարը։

Տեսանյութը՝ Ֆակտորի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *