Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքը երկարացվեց (տեսանյութ)

Դատարանը բավարարել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի միջնորդությունը և կրկին երկարացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը ևս 2 ամսով։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ընդգծեց, որ իրենց համար սա սպասելի որոշում էր, քանի որ ըստ նրա՝ շատ մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանությանը այս գործով արդար և համարձակ որոշում կայացնելու համար. «Այն վնասի չափը, որը առաջադրված է Կարեն Խաչատրյանին, վաղուց ամբողջ ծավալով գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին»:
Փաստաբանի խոսքերով՝ այն ռիսկերը, որ ամեն անգամ բերվում են՝ հիմնավորելու Կարեն Խաչատրյանի կալանքը, ամբողջությամբ չեզոքացված են։ «Հանրությունը գիտի, որ այս քրեական գործը քննվում է 2019 թվականի փետրվարից, և Կարեն խաչատրյանը ևս շատ քաջ տեղյակ էր։ Հանրությունը գիտի նաև, որ երբ ԱԱԾ-ն Կարեն Խաչատրյանի բնակարան է ներկայացել և խուզարկություն իրականցրել, Կարեն Խաչատրյանը տանը չի եղել, բայց եկել է տուն։  Այս ամենը իմանալով՝ խոսել է այն մասին, որ բարձր է հավանականությունը, որ Կարեն Խաչատրյանը կթաքնվի , մենք զարմացած ենք»,-նշեց փաստաբանը հավելելով, որ դատարանի վերջին որոշումով նվազ էր գնահատվել Կարեն Խաչատրյանի՝ նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը, բայց այս պայմաններում ևս  դատարանը կալանքը գրավով փոխարինելու իրենց միջնորդությունը մերժեց․ «Շատ լուրջ տարբերակված մոտեցում է ցույց տալիս թե՛ դատական իշխանությունը, թե՛ նաև իրավապահ մարմինները Խաչատրյանների գործով»։
Փաստաբանը նշել է, որ քաղաքական գնահատականներ տալուց այս պահին զերծ է մնում․ «Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը նշում է, որ Կարեն Խաչատրյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնական դիրքը բավականին վճռորոշ է իր վարքագիծը կանխորոշելու հարցում, եկեք փաստենք, որ նա 3 տարուց ավել չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, և իրողություն է, որ ՊԵԿ-ի ողջ ղեկավար կազմը փոխվել է, այդ պայմաններում մտածել, որ Կարեն Խաչատրյանը, իր նախկին կապերը օգտագործելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը, առնվազն մեզ համար ծիծաղելի է»։
Հիշեցնենք՝ ՊԵԿ Ներքին անվտանագության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *