Հասարակություն

Գրանցվել է ԶԼՄ-ների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք․ ԽԱՊԿ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019 թվականի 3_րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցի մասին

2019թ. 3-րդ եռամսյակում շարունակվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը։ Դիտարկվող ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ։ Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։

Այս տարվա 1-ին և 2-րդ եռամսյակներին վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների նոր դատական գործերի քանակը համապատասխանաբար՝ 28 և 25 էր։ Այսինքն՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ 2 տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած։

Վերոհիշյալ 30 դատական գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ։

Դատական հայցերի այս հոսքը թերևս պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, կեղծ լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա։

 Ընդհանուր առմամբ, 2019թ. 3-րդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 11, ֆիզիկական բռնության 1 փաստ։

Ստորև ներկայացնում ենք այդ տվյալները՝ ըստ եռամսյակների, ինչպես նաև 2018-2019 թվականների համեմատական տվյալները՝ աղյուսակներով։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *