Հասարակություն

Գրիպի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը Հայաստանում ավելացել է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել:

Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական և իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերը ձեռք է բերել ռիսկի խմբերի համար, որոնք են հղի կանայք, երեխաները, առողջական խնդիրներ ունեցող անձինք, տարեցները, բուժաշխատողները և այլք»,- ասել է նա:

Խոսելով սուր շնչառական վարակների մասին` Սահակյանն ընդգծել է, որ դրանք բազմաթիվ են, բայց պատվաստանյութը պաշտպանում է գրիպի ենթատեսակներից, որոնք կարող են ճակատագրական լինել և անբարեհաջող ելք ունենալ:

Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին, որը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի, Սահակյանը հիշեցրել է, որ այն բուժական միջոց է, որը տրամադրվում է այն մարդկանց, որոնք արդեն հիվանդ են, հոսպիտալացվել են և անհրաժեշտ է թեթևացնել նրանց վիճակը:

««Տամիֆլյուն» տրամադրվել է բոլոր ստացիոնար կլինիկաներին, որպեսզի հարկ եղած դեպքում կազմակերպվի հիվանդների բուժական միջամտությունը: Շեշտեմ, որ այն  կանխարգելիչ նպատակով չի բաշխվում, անվճար տրվում է  ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներին, իսկ ռիսկի խմբերը, որոնց մասին խոսեցի, պատվաստվում են գրիպի դեմ»,- եզրափակել է Գայանե Սահակյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *