Հասարակություն

Գյումրու պայթյունի առիթով հարուցվել է քրեական գործ

2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով և վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվոմ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *