Հասարակություն

Հ2 ալիքը դատարանում հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին․ հայտարարվել է նոր մրցույթ

Հ2-ՀՌՀ վեճը հանգուցալուծվել է։ Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի վճռել է․ «Հայկական 2-րդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական - 2րդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։

Եվ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանից: «Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ:

Ժամանակը կգա, և մենք ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս կանենք կամ այլ բան, ձևաչափը կորոշենք և ամեն ինչ փաստարկներով, մանրամասներով կներկայացնենք մամուլին և մեր հասարակությանը»,-ասաց Շավարշ Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն ևս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *