Հասարակություն

Համաներումն այլևս այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Համաներումն այլևս այլընտրանք չունի:

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև՝ մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։

Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված և կալանավորված անձանց ու նրանց ընտանիքների համար, մյուս կողմից զգալիորեն կբեռնաթափվեն խիստ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները։ Նախնական քննարկման արդյունքում կառավարությունում դիրքորոշումը բացասական է, սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։

Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում, և ըստ այդմ՝ գտնում եմ, որ շուտափույթ պետք է համաներման մասին օրենք ընդունվի, որը, համաձայն Սահմանադրության 117-րդ հոդվածի, կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից։ Այսպիսով գնդակը կառավարության դաշտում է»,- գրել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *