Հասարակություն

«Համարեք արվեստը ոչնչացված». դերասանները հանդիպել են ԿԳՄՍՆ պաշտոնակատարին (տեսանյութ)

Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանները դեմ են Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի հետ միանալուն։ Իրենց դիրքորոշումը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին հայտնելու համար նախարարության շենքի մոտ էին Կամերային թատրոնի մի շարք դերասաններ։

Թատրոնի երկու  ներկայացուցչի նախարարն ընդունել էր։

Մինչ այդ դրսում սպասելիս դերասաններն իրենց մտահոգություններն էին հայտնում։ Կամերային թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ անհնար է այդ թատրոնների միացումն ու աշխատանքը մեկ շինությունում, քանի որ բացառապես տարբեր թատրոններ են իրենց ձեռագրերով, խաղացանկերով, դերասանների քանակով․ «Երբ միավորվում են, նշանակում է՝ մեկը գոյություն չի ունենալու, մյուսին էլ շատ մեծ անհարմարություն է լինելու։ Հատկապես, որ երկու թատրոնների ղեկավարներն էլ արտահայտվել են ու նշել, որ չեն պատկերացում միավորումը։ Այդ մասին ասում են նաև հենց դերասանները»։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նույնպես այն կարծիքին է, որ ցանկացած գործից հասկացող մարդը կարող է հասկանալ, որ մի թատրոնում չի կարող լինել երկու տարբեր թատրոն․ «Մեկ տարի, երկու տարի, հետո՞։ Մի քանի հոգի կմնան, կձուլվեն, մի քանիսը չեն մնա, բայց հնարավոր չէ մի թատրոնի խաղացանկը տանել մյուս թատրոնում խաղացնել»։

Թեև նախարարությունից նշում են, որ այդպես ավելի լավ կլինի հենց թատրոնների համար, Անահիտ Կիրակոսյանը նշում է, որ նախ իրենց հետ ոչ ոք չի քննարկել հարցը, և հետո՝ արդյոք հենց իրենք ավելի լավ չգիտեն, թե որն է լավ թատրոնի համար, որը վատ։

«Ասում են, որ Սիմֆոնիկ նվագախումբ ունի շենքի խնդիր և դրանով լուծում են հրաշալի մի խմբի՝ շենք ունենալու խնդիրը։ Բայց մենք ասում ենք՝ ինչու այդ հարցը չեք լուծում այլ շենք կամ տարածք վերցնելով, որը բաց ու ազատ է։ Այստեղ կայացած թատրոն է, գործող խաղացանկ ունի։ Ինչո՞ւ քանդել և տալ Սիմֆոնիկին», - ասաց Անահիտ Կիրակոսյանը։

Քանդելը, փակելը կամ միավորելն այլ թատրոնի հետ խնդրի լավագույն լուծումը չէ, կարծում է Արման Նավասարդյանը։ Նրա խոսքով, եթե չէր բավարարում թատրոնը ստեղծագործական առումով, կարելի էր տարվա մեջ երկու-երեք իրենց ուզած լավ բեմադրիչների հետ պայմանագիր կնքել ու ուղարկել բեմադրություններ անելու։

«Ես այդպես կանեի, եթե ուզենայի, որ պահվեր թատրոնը։ Եթե ուզում ես վերանորոգել, գտնում ես միջոցներ, եթե չես ուզում, գտնում ես պատճառներ», - ասաց նա։

Որոշ ժամանակ անց թատրոնի դերասանները դուրս եկան նախարարի և նրա տեղակալի հետ հանդիպումից և Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշեց, որ հանդիպման արդյունքը չգոհացրեց իրենց․ իրենք համաձայն չեն նախարարության ներկայացրած լուծման հետ։

«Մենք պահանջ ենք ներկայացրել, որ մեզ չմիավորեն։ Ասել ենք, որ քաղաքում կան բազմաթիվ տարածքներ, որ կարող է համապատասխանել Սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին։ Ցանկալի չէ՝ երաժշտական և թատերական ոլորտների խնդիրները խառնել իրար։ Մեկի խնդիրը մյուսի հաշվին լուծելը կոռեկտ չէ։ Մեր թատրոնը, լինելով Սիմֆոնիկ նվագախմբի տրամադրության տակ, կարիք կունենա կառուցվածքային փոփոխության», - ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ տրամաբանական չէ փակել թատրոնը և դրա փոխարեն Սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել փորձատեղի։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ «Իմ քայլի» պատգամավոր, նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը մի անգամ հայտարարել էր, որ Կամերային երաժշտական թատրոնն արդեն «մեռնող թատրոն է», Սամսոն Ստեփանյանը հարցրեց՝ ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, պատասխանին, որ նա պատգամավոր ու դերասան է, Ստեփանյանն արձագանքեց, որ չի ճանաչում նման դերասանի և պատգամավորի։

«Հետո ի՞նչ, որ պատգամավոր է, այնքան փալաս պատգամավորներ կան։ Եկեք չքաղաքականացնենք։ Բանակ մտավ քաղաքականությունը, համարեք այդ բանակը պարտված, արվեստ մտավ՝ համարեք արվեստը ոչնչացված, մշակույթ մտավ քաղաքականությունը՝ համարեք մշակույթը այլասերված», - ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ պայքարը շարունակելու են, սակայն դեռ պետք է քննարկեն՝ թե ինչ ճանապարհներով։

Հիշեցնենք, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Սիմֆոնիկ նվագախմբին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *