Հասարակություն

Հանրապետության հրապարակի «Հայփոստ»-ի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել,- ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը: «Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան»,- նշեց Բաղդասարյանը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մարտի 15-ին, ժամը 04։30-ին: ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են  տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։ Ժամը 09:30-ի դրությամբ դեպքի վայրում դեռևս գտնվում է 3 մարտական հաշվարկ և 1 շտապօգնության մեքենա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *