Ամեն տարի աշխարհում բոլոր հղիությունների գրեթե կեսը չնախատեսված է։ Դրանց ավելի քան 60 %-ն ավարտվում է աբորտով, որոնց 45 %-ն անվտանգ չեն։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը 2022» զեկույցը։ Այն այս տարի նվիրված է աշխարհում չնախատեսված և անցանկալի հղիությունների խնդրին։
Լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներին, որոնք այնքան էլ հուսադրող չեն՝ դեռ 2010թ-ին արված կանխատեսումների համաձայն։
«2026 թվականից հետո մենք տեսնում ենք, որ կախյալության գործակիցը՝ տարեցների և երեխաների տեսակարար կշիռն է աշխատունակ տարիքի բնակչության մեջ։ Այսինքն՝ աշխատունակ տարիքի 1 բնակիչ քանի երեխայի և տարեցի մասին է հոգ տանում։ Այսինքն նրա տնտեսական բեռը ինչքան է։ Եվ հիմա մեզ մոտ այդ կախյալության գործակիցն ավելի ցածր է»,- ասել է նա։
Ըստ Աննա Հավհաննիսյանի՝ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի հնարավորությունների պատուհանը մինչև 2026թ-ն է։
Հայաստանի ժողովրդագրական ամենալուրջ մարտահրավերը արտագաղթն է, և հատկապես երիտասարդների թվի նվազումը։ Կա այլ խնդիր ևս․ «Աշխարհում գոյություն ունի նաև 1 այլ ցուցանիշ՝ NEET: Սա այն երիտասարդների տեսակարար կշիռն է, որոնք ոչ կրթություն են ստանում, ոչ զբաղված են, ոչ էլ ներառված են որևէ կրթական ծրագրերում։ Եվ Հայաստանն այս ցուցանիշով ամենաբարձրն է»,- ասել Հովհաննիսյանը։
2020 թվականին մահերի բացարձակ թիվը աճել է 10.000_ով։
«Սա քովիդի և պատերազմի արդյունքում եղած մահերն են։ Պետք է հաշվի առնենք, որ 2021 թվականին այդ թիվը շատ քիչ իջավ»,- ասել է նա։




0 Մեկնաբանություն