Հասարակություն

Հայաստանում 15 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով, նրանցից ոչ ոքի մոտ կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել

Հայաստանում 15 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որը Հայաստանին էր նվիրաբերել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին:

Պատվաստվածների թվում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գայանե Սահակյանը եւս պատվաստվել է: Վերջինիս խոսքով՝ ոչ ոքի մոտ կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել: Ավելին, նույնիսկ կարմրածություն կամ ցավ չի եղել ներարկման հատվածում:

Գայանե Սահակյանը նշեց, որ այդ պատվաստանյութով պատվաստված մարդկանց համար հակամարմինների մակարդակի անալիզներ Հայաստանում չեն անցկացվել. դրա համար անհրաժեշտ են ոչ թե ընդհանուր հակամարմինների, այլ այսպես կոչված չեզոքացնող հակամարմինների թեստեր: Այսպես թե այնպես, այժմ նման անալիզների անհրաժեշտություն, մասնագետի խոսքով, չկա, քանի որ կան պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ առաջին չափաբաժնի ներարկումից հետո պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 91,4 տոկոսի, իսկ երկրորդից հետո՝ մինչեւ 94 տոկոսի:

Մասնագետը նաեւ նշեց, որ պատվաստանյութը, հավանաբար, ոչ միշտ է կանխում վարակումը, սակայն այն կանխում է ծանր դեպքերն ու կորոնավիրուսից մահը: Եթե պատվաստված մարդը վարակվի կորոնավիրուսով, ապա, հավանաբար, հիվանդությունը թեթեւ կամ առանց ախտանիշների կտանի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *