Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Անդրադառնալով վերջին շաբաթ մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ նա նշել է, որ չնայած դրանք կանխատեսված էին, այնուամենայնիվ, մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք 2 օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև 1 մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց 6 մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշել է Սուրենյանը:
Նա շեշտել է, որ մարտի 3-րդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Հավելել, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների և գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնել է, որ եղանակային նման իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ, ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:




0 Մեկնաբանություն