Հասարակություն

Հայաստանում գրանցվել է H1N1 վարակից մահվան հերթական դեպքը`թվով երրորդը. ԱՆ-ը հաստատում է

ՀԺ-ի տեղեկություններով Հայաստանում գրանցվել է A H1N1 վարակի հետեւանքով մահվան հերթական դեպքը, մահացողը կին է՝ բավական երիտասարդ տարիքի: 

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ հանգստյան օրերին մահվան դեպք գրանցվել է: Այլ մանրամասներ, սակայն, չնշեցին: «Նրա մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»:

Ամեն դեպքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է կայունանալ: Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ հասնելով 1275-ի, հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաեւ սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում եւ մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը եւս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երեւան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել:

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության հիվանդանոցներում առկա են նաեւ ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը եւ ուղեկցող հիվանդությունները:

Հիմք ընդունելով գրիպի եւ սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաեւ գրիպով չհիվանդանալո եւ հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում եւ հիշեցնում է.

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ եւ մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւև մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք  եւ հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանե´ք եւ սովորեցրեք ձեր երեխաներին հազի եւ փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետեւե´ք ձեր եւ ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով եւ օճառով,

- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *