Հեղուկ գազի դեֆիցիտն ու բարձր գները արդեն տևական ժամանակ է՝ անհանգստացնող խնդիր է հատկապես վարորդների համար։ Նրանք կրկին ահազանգում են, որ որոշ գազալցակայաններում հեղուկ գազ չկա, իսկ որտեղ էլ կա՝ շարունակում է մնալ բարձր գներով։
Հայաստան հեղուկ գազ ներկրող «Գազ-Պրոպան» ընկերությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ արդեն մեկ շաբաթ է՝ իրենց մեքենաները հերթի մեջ կանգնած են Ռուսաստանում։ Այնտեղ չկա հեղուկ գազ ու ներկրել չեն կարողանում։ Նրանց խոսքով՝ մեկ մեքենա միայն այսօր կարողացել է հեղուկ գազով դուրս գալ Ռուսաստանից ու վերադառնալ Հայաստան։ Սակայն ընդհանուր առմամբ Ռուսաստանից գազ չեն տալիս, ասում են՝ չկա։
Պետական կառույցներից այս հարցի վերաբերյալ չհաջողվեց ոչ մի մեկնաբանություն ստանալ։ Պատասխանում են, որ հեղուկ գազի ներքին շուկայի գների փոփոխման կամ գազի դեֆիցիտի հետ առնչություն չունեն։
Գներն էլ այժմ Հայաստանում ու տարբեր երկրներում տատանվում են։ Հայաստանում այսօր կարելի է հեղուկ գազ գտնել 240, 280 և նաև 285 դրամով։ Ըստ GlobalPetrolPricec.com կայքի տվյալների՝ օգոստոսի 16-ի դրությամբ Ռուսաստանում հեղուկ գազի գինը 214 դրամ է, մինչդեռ հուլիսի 19-ին այն եղել է 185 դրամ։ Հարևան Վրաստանում գինը 249 դրամ է, Թուրքիայում՝ 292 դրամ։ Այդ տվյալներով ամենաբարձր գինը Լիբանանում է՝ 1,945 դոլար, ինչն էլ համարժեք է 957 դրամի։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա:
0 Մեկնաբանություն