Հասարակություն

Հայոց լեզվի հետ կապված հարցերը, նյութերը, օրենսդրությունը մեկ հարթակում. Լեզվի կոմիտեն կգործարկի իր պաշտոնական կայքէջը

Լեզվի կոմիտեն hուլիսին կգործարկի իր պաշտոնական կայքէջը: Այն կգործի «langcom.am» և «լեզվիկոմիտե.հայ» հասցեներով: Կայքը ծառայելու է որպես կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով, նույնիսկ խաղերով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Կոմիտեի կայքում նախ կծանոթանաք նորություններին: Կարող եք գտնել լեզվական խնդիրների հետ կապված մեր հորդորակների, կոչերի ամբողջ պաշարը: Տեղադրված կլինի լեզվական օրենսդրությունը: Դրանից բացի, կլինեն խաղեր լեզվի հետ կապված, հայտնի բառարանների հղումներ և այլն»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ստեղծվել է կոմիտեի տարբերանշանը, մշակվել են գունային լուծումներ, դրանց հիման վրա կազմվել են Լեզվի կոմիտեի պաշտոնական ձևաթղթերն ու այցեքարտերը։ Ակտիվ աշխատանք է տարվել թվային տիրույթում։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում մեկ տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 700 գրառում, պատասխան է ուղարկվել օգտատերերից ստացված հարյուրավոր նամակների։ Էջի հետևորդների թիվը մոտենում է 22 հազարի: Լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին է ուղարկվել երկու տասնյակից ավելի հորդորակ:

«Մեր հորդորակներն արդեն հայտնի են, ճանաչելի, մարդիկ սպասում են: Դրանք ուղարկվում են հարյուրավոր հասցեներով: Հորդորակներով անդրադառնում ենք լեզվական խնդիրներին, հարցերին՝ դրանց վրա սևեռելով հանրության տարբեր շերտերի ուշադրությունը»,-ասաց  Դավիթ Գյուրջինյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *