Լրատվամիջոցների նկատմամբ ճնշում կա՞, թե՞ ոչ: Մեդիափորձագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ, իշխանությունը փորձում է լրատվամիջոցներին սևերի և սպիտակների բաժանել:
«Խոսքի ազատության կարևորագույն երաշխիքը՝ լրատվամիջոցների միասնականությունն է այս հարցում։ Իսկ, երբ սևերի ու սպիտակների են բաժանում, բնականաբար այդ միասնությունը վերանում է, որևէ լրատվամիջոցի նկատմամբ պատժամիջոցի դեպքում, կտեսնեք, որ լրատվական դաշտի միայն կեսը դրա հետևից կգնա», - նշեց նա։
Անցումային արդարադատության կիրառումը, ըստ Ենոքյանի, կարող է սպառնալիք լինել լրատվամիջոցների համար։ Այն առաջին հերթին վերաբերում է սեփականության վերաբաշխմանը, իսկ ըստ մեդիափորձագետի՝ իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ լրատվամիջոցներ չունեն։
«Վախենում եմ, որ սեփականության վերաբաշխումը առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին»,- շեշտեց նա ու հավելեց, որ լրատվամիջոցների համար մեծ պրոբլեմ է նաև դատական հայցերը։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ են դատական հայցեր ներկայացնում լրատվամիջոցների դեմ, ինչն ըստ պարոն Ենոքյանի՝ լրատվամիջոցներին ճնշելու փորձ է։
«Մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ 91 հայց կա, այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին միասին վերցրած այդքան հայտ չկար։ Լրատվամիջոցները բավականաչափ նուրբ և ոչ շատ հարուստ կազմակերպություններ են, և երբ լինում են լրատվամիջոցների դեմ հայցեր, սա նշանակում է լրացուցիչ ժամանակի ու գումարի կորուստ, ինչի նկատմամբ լրատվամիջոցները շատ զգայուն են։ Սա լրատվամիջոցներին ճնշելու փորձեր են»,- ասաց Աղասի Ենոքյանը։
«Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծում Աղասի Ենոքյանը վտանգներ է նկատում։ Օրինակ՝ նախագիծը մշակվել է առանց լրատվամիջոցների ներգրավման։ Հեռուստաընկերություններն, ըստ Ենոքյանի՝ գոհ չեն օրենքի նախագծից, երկու միտում է նկատվում։
«Գիտեք, որ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ այս նոր նախագծով, լիցենզավորվում են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք այս հեռուստաընկերությունները հեռարձակում են։ Կարծես թե բարի ցանկություններ են և բավականաչափ կանոնակարգում են մուլտիպլեքսորների գործունեությունը, բայց եղած իրավիճակում հիմնական պրոբլեմը ֆինանսական է, իսկ ես չեմ կարծում, որ այդ հսկայական ծախսերի դեպքում, որ պետք է կրեն մուլտիպլեքսորները Հայաստանում լավ բիզնես է և շատերը կմտնեն այդ բիզնեսի մեջ»,- նկատեց նա ու հավելեց, որ այս բարի ցանկությունների տակ, լուրջ ծուղակ կա, որը եթե չլինի լուրջ վարչական միջոցներով, ապա կլինի ֆինանսական միջոցներով։
0 Մեկնաբանություն