Հասարակություն

Հետապնդվելիս՝ քաղաքացին փաթեթներով թմրամիջոցը նետել է մեքենայից(տեսանյութ)

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում:

Հունիսի 13-ին, ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս պարզվեց, որ կասկածվողը Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:

Կասկածելի մեքենան շուտով հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ, սկսել են հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապահային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել էր և դիմել փախուստի:

Նույն օրը իրավապահների 1 այլ խումբ Վանաձորի Մոսկովյան փողոցից ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեց թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող 46-ամյա մի վանաձորցու: Քրեական հետախույզներին տեսնելով` տղամարդը նույնպես պոլիէթիլենային տոպրակով շուրջ 10 փաթեթեթ մարիխուանա էր պայուսակից հանել ու նետել, սակայն ոստիկանները բռնել էին:

Հիշյալ փաթեթներն առգրավվեցին և ուղարկվեցին դատաքիմիական փորձաքննության:
«ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հետևողական աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց:

Քրեական հետախույզները պարզել են, որ «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդը, որը 13 փաթեթ մարիխուանա էր գնել, Լեռնահովիտ գյուղի 27-ամյա բնակիչ է: Հունիսի 17-ին նա, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *