Հասարակություն

ՀՀ-ն ու ՌԴ-ն շարունակում են քննարկումները մինչև 2030թ. գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկումները շարունակվում են, բանակցություններն ընթացքի մեջ են: Մեր դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք, հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտնել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: «Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,- ասել էր նա:

ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *