Հասարակություն

ՀՀ ՊԵԿ նախագահը վերահաստատում է. խոպանից եկած գումարները հարկվելու են, բոլորն են հարկվելու

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է աղմկոտ այն նախագիծը, որը ստացել է «Խոպանչիների հարկման» նախագիծ անունը:

Նա ասել է, որ 2019թ.-ին դրվելու է հանրային քննարկման: Շուտափույթ փոփոխությունների փաթեթ չկա և այս պահին օրակարգում չկա:

 

Բայց և այնպես ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ օրենքը ՀՀ-ն ունի, պարզապես չի գործում.

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարման ինստիտուտ: Մենք ինքներս՝ որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունենք համատարած եկամուտների դեկլարացիա ներդնելու:

Առաջին անգամ ունենք այդպիսի հնարավորություն տեխնիկապես: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, տանեն ներկայացնեն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրա հետ, թե չէ: Կարևորն այն է, որ խոսում ենք ստվերի մասին: Ստվերում եկամուտներ կան, որ պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Մենք պետք է կայացնենք այդ ինստիտուտը: Մենք 27 տարի է դրա մասին մտածում ենք, անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում են՝ երկիրը պատրաստ չէ դրան: Հիմա պատրաստ է»:

Լրագրողների այն հարցին, թե անձը, ով եկամուտը դրսից է ուղարկում, արդեն իսկ մեկ անգամ հարկվում է արտերկրում որպես գործատու, ստացվում է՝ կրկնակի՞ է հարկվելու, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ անձը, որը դրսից ուղարկում է, որ իր եկամուտը սպառեն, այդ սպառումը չի հարկվելու:

«Եթե հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ, ուրեմն պետք է վճարի: Հիմա էլ է այդ օրենքը գործում: Փոխվել է այն, որ եթե անձը չի դիմում ՊԵԿ և ասում, որ ես եկամուտ ունեմ, ուրեմն ՊԵԿ-ը պետք է գնա իր դուռը»:

Ըստ ՊԵԿ-ի՝ անձն այսօր էլ ունի այդ պարտավորությունը և չի անում:

«Հիմա ինչ, աչքերներս փակենք և ասենք՝ թող, ոչինչ, չվճարե՞ն: Եթե ինքը եկամտային հարկի տեսանկյունից համարվում է ՀՀ-ում ռեզիդենտ, ինքն այսօր էլ բյուջե վճարելու պարտավորություն ունի ավելի քան 20 տարի: Հիմա չեն վճարում, մենք ուզում ենք, որ վճարեն: Ուզում ենք այնպիսի քայլերի դիմել, որ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել: Օրենքի պահանջը չի կատարվել»:

Սկզբնաղբյուրն` այստեղ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *