Հասարակություն

ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է.ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ_ը ֆեյսբուքյան էջում գրել է

ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:

Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել.

"Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ 

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ 

Հպարտ եմ ձեզանով"։

Ավելի ուշ ՄԻՊ_ը մեկ այլ գրառում է կատարել իշխանական խմբակցության պատգամավորներից մեկի հետ կապված, ով դիմել է իրեն.

"Քիչ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:

Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով"։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *