Հասարակություն

ՀՀ զինդատախազը «Human Rights Watch» -ի ներկայացուցչի հետ քննարկել է գերեվարված հայերի խնդիրները

ՀՀ զինդատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները:

 ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» ՀԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա  Լոքշինային։

 Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության առարկա հանդիսացող փաստական հանգամանքները:

Կողմերն անդրադարձել են նաև սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին:

 Զինդատախազն իր խոսքում կարևորել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերոպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը:

Տ. Լոքշինան, առանձնակի մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների ժամանակ անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպմանը երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *