Հասարակություն

Հնարավորինս շուտ համաներում անցկացնելն այլընտրանք չունի. փաստաբան

«2018 թվականի բյուջեով քրեակատարողական հիմնարկների պահպանման համար նախատեսված է ավելի քան 8 միլիարդ դրամ գումար։ Գրեթե նույնքան գումար նախատեսված է դատական իշխանության պահպանման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարվա դրությամբ կար շուրջ 5 հազար մարդ։

«Իշխանության մի ճյուղի պահպանության համար նախատեսված է գրեթե նույնքան գումար, որքան քրեակատարողական հիմնարկների համար։ Այս անհեթեթ վիճակի պատճառն այն է, որ մենք ունենք չափից դուրս շատ դատապարտված կամ կալանավորված անձինք։

Փաստաբանը հիշեցնում է՝ 5 տարի է Հայաստանում համաներման որոշում չի կայացվել։

«Ներկա պայմաններում համաներում կատարելը նաև համահունչ կլինի հեղափոխության համերաշխության մթնոլորտի ստեղծմանը։ Չպետք է մոռանանք, որ համաներումը կարող է տարածվել նաև հետհեղափոխական Հայաստանում հնչեղություն ստացած, նախկին ռեժիմի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի վրա»։

Ըստ Արայիկ Պապիկյանի՝ համաներման որոշումը պետք է լինի մինչև սեպտեմբերի 21-ը։

«Հնարավորինս շուտ համաներում անցկացնելն այլընտրանք չունի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *