Հասարակություն

Հոգեբուժարաններում պահվում են մեծ թվով անձինք, ովքեր ստացիոնար բուժման կարիք չունեն

Հանրային լրագրության ակումբի գրասենյակում այսօր տեղի էր ունենում քննարկում «Անձին՝ հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերն ու պահման պայմանները» թեմայով։

Ելույթներով հանդես եկան Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանը, ՄԻՊ գրասենյակի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, «Բաց հասարակություններ – Հայաստան» գրասենյակի ծրագրերի համակարգող Տաթեւիկ Խաչատրյանը, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, իրավաբան, Հայ-ռուսական համալսարանի հոգեկան առողջության իրավունքի դասախոս Անահիտ Չիլինգարյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և այլք։

Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին փակ համակարգերի, կազմակերպությունների, մասնավորապես՝ հոգեբուժարանների և հոգեկան առողջության կենտրոնների վերաբերյալ։

Սեդա Մուրադյանը կարևորեց, որ հանրային ուշադրության կենտրոնում պետք է պահել հոգեբուժական կազմակերպություններում մարդու առողջությանը վերաբերող խնդիրներին։ Խոսելով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին՝ Տաթեւիկ Խաչատրյանը ընդգծեց, որհանրային վերահսկողությունը, որքան մեծ լինի հոգեբուժարանների պես  փակ հաստատությունների նկատմամբ, այդտեղ գտնվող անձանց կյանքը ավելի որակյալ դարձնելու երաշխիքներն ու նախապայմանները շատ կլինեն։

ՄԻՊ գրասենյակի կատարած մշտադիտարկումը, Գոհար Սիմոնյանի փոխանցմամբ, ցույց է տալիս, որ հոգեբուժական կազմակերպություններում պահվում են մեծ թվով անձինք, ովքեր ստացիոնար բուժման կարիք չունեն, բայց, քանի որ տվյալ անձանց խնամքը իրենց մերձավորների համար բարդ է, անհնար և երբեմն էլ ցանկություն չկա։  

Արթուր Սաքունցը նշեց, որ Վանաձորի հոգեբուժարանում իրենց կատարած մշտադիտարկումների հետևանքով բազում խնդիրներ լուծվեցին և բարեփոխումներ կատարվեցին։ Սակայն որքան էլ բարեփոխումներ կատարվեն, ըստ նրա, փակ համակարգը մնում է փակ։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *