Հասարակություն

Իմ ներկայությամբ կարողանում էի հանդիսատես ապահովել. Վանաձորի թատրոնի նախկին տնօրենը նեղացած է հեռացել

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը վիրավորված է հեռացել թատրոնից: Օրեր առաջ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը թատրոնի աշխատակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին, որը մինչ այդ թատրոնի հետ որեւէ կապ չի ունեցել: Թատրոնի ԺՊ-ն անգամ չգիտի՝ կմասնակցի մրցույթին, թե՝ ո՛չ:

Վանձորի թատրոնի տնօրենի պաշտոնի համար դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն Ագնեսա Շահնազարյանը որոշել է կտրականապես հրաժարվել այդ թատրոնի հետ գործ ունենալուց: Դերասանուհին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դադարցնելու է այդ թատրոնում իր մասնակցությունը նաեւ որպես դերասանուհի:

«Ես նման վերաբերմունքի արժանի չէի, կարելի էր մի փունջ մանուշակ կամ ձնծաղիկ վերցնել կանչել կաբինետ եւ ասել. Ագնեսա ջան, երկու տարի ծառայեցիր պետությանը, շատ լավ, բայց մենք այլեւս չենք ուզում համագործակցել քեզ հետ: Այլ ոչ թե մեյլով նամակ ուղարկել, թե ձեր պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ եւ նոր պայմանագիր երկարաձգել չենք ցանկանում»,- վրդովված ասել է Ագնեսա Շահնազարյանը՝ նկատելով, որ գոնե կարող էին շնորհակալություն ասել, որ երկու տարվա մեջ թատրոնը կարողացել է հասցնել այն աստճանի, որի վրա այս պահին այն գտնվում է:

«Տիկին Ղարիբյանը մի այսպիսի հայտարարություն է արել, թե ես պարտավոր էի թատրոնի համար ամեն ինչ անել, քանի որ աշխատավարձ եմ ստացել: Հիմա հարց. ես պարտավո՞ր էի դռնեդուռ ընկնել, մարդ ճարել, որ բերեմ թատրոնի 15 տարի շարունակ կաթացող տանիքը վերանորոգեմ: Շատ կարեւոր է, երբ մարդուն իր արած աշխատանքի դիմաց արժանապատիվ ձեւով են հրաժեշտ տալիս, որն այս պարագայում չեղավ, ուստի չեմ պատրաստվում մնացած տարիներս էլ նորից Երեւան Վանաձոր ճանապարհների վրա անցկացնել»,- ասել է դերասանուհին, որը, ի դեպ, Երեւանից տեղափոխվել էր Վանաձոր տեղի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո:

Ագնեսա Շահնազարյանը ասել է, որ որպես տնօրեն պարտավոր էր շատ հարցեր լուծել, սակայն երկու տարի առաջ ժառանգել էր ավերակ շենք, որտեղ բացակայում էին աշխատելու անգամ մինիմալ պայմանները: «Թատրոնն անգամ վեբ կայք չուներ, գնալուս առաջին իսկ օրվանից դրանով եմ զբաղվել: Առանց պետական որեւէ աջակցության տանիք ենք վերանորոգել, հյուրախաղեր կազմակերպել: Իմ պաշտոնավարման ընթացքում գրեթե 10 պրեմիերա ենք ունեցել, բայց որեւէ պետական աջակցություն այս երկու տարվա ընթացքում թատրոնը չի ստացել»,- ասել է նախկին տնօրենը:

Ագնեսա Շահնազարյանը նշել է, որ տնօրենի պաշտոնի համար 170 հազար դրամ աշխատավարձ է ստացել, նաեւ գրանցված է եղել որպես դերասանուհի. «Ներեցեք անհամեստությանս համար, բայց ես իմ ներկայությամբ կարողանում էի հանդիսատես ապահովել, եթե ես տվյալ ներկայացման մեջ կայի, տոմսերն ավելի լավ էին վաճառվում»:

Նախկին տնօրենը վստահեցնում է, որ երբեւէ գործուղումներից չի օգտվել, իսկ թատրոնի բոլոր հարցերի կարգավորման համար գնացել է իր միջոցների հաշվին. «Շաբաթվա մեջ երկու, երեք անգամ եկել եմ Երեւան, քանի որ բոլոր հարցերը լուծում էին ստանում շնորհիվ երեւանաբանակ ծանոթներիս եւ ընկերներիս: Գոնե կարող էի այնպես անել, որ իմ վառելիքի գումարը ապահովեմ, բայց իմ հաշվից եմ արել, քանի որ թատրոնը տեղից էլ վատ վիճակի էր: Նախքան իմ գնալն այնտեղ չկար անգամ լվացքի մեքենա»,-պատմել է Ագնեսա Շահնազարյանը:

Անդրադառնալով մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սիրանույշ Ռափյանի օրերս արած հայտարարությանը եւ վերջերս Վանաձորի թատրոնում հայտնաբերված խախտումներին ու ֆինանսական կորուստներին, ասաց, որ դրանք իրականացվել են գանձապահի ու հաշվապահի միջոցով:

«Նրանք մայր եւ աղջիկ 13 տարի աշխատել են թատրոնում, երբ ես գնացել եմ, նրանք արդեն աշխատելիս են եղել: Այդ նշանակումն ինքս չեմ արել, բայց հասկանում էի մի պարզ ճշմարտություն, որ եթե աչք է փակվել մի բանի վրա եւ այդքան տարի աշխատել են, ապա ես էլ փորձեմ մարդուն աշխատատեղից չզրկել, թեեւ ես սխալ էի ինչ-որ տեղ, ու հիմա սխալս ընդունում եմ»,-ասաց նախկին տնօրենը: Վերջինս իր այս քայլն արդարացրեց՝ ասելով՝ քանի որ մարզային թատրոն էր եւ մարզում էլ աշխատանք գտնելը շատ բարդ, ու մարդիկ սոցիալապես անապահով վիճակում են, չի ցանկացել զրկել ապրուստի միջոցից:

Ավելի վաղ Սիրանույշ Ռափյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ 2-3 տարի գլխավոր հաշվապահի ենթակայության տակ որպես գանձապահ աշխատել էր հաշվապահի աղջիկը, ինչն անթույլատրելի է: Սիրանույշ Ռափյանը նաեւ հայտնել էր, որ մայր ու դուստր ազատվել են աշխատանքից: Իսկ պատճառված 100-300 հազար դրամ վնասը վերականգնվել է:

Խոսելով նորանշանակ տնօերնի մասին՝ Ագնեսա Շահնազարյանը նշել է, թե միայն գիտի, որ վերջինս պատկերասրահի գիտաշխատող է եղել. «Խնդրում եմ չանձնավորել, բայց նա ոլորտից բոլորովին անտեղյակ մարդ է: Թատրոն ղեկավարելը շատ ծանր ու բարդ աշխատանք է: Շատ դժվար է լինելու  նորանշանակ ղեկավարի համար, ես իրեն մեծ ուժ եմ մաղթում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ իրենից հետո այդ պաշտոնը զբաղեցնողը ոչ թե կքանդի իր ստեղծածը, կամ չեզոք վիճակում կպահի, այլ կփորձի ինչ-որ բան ավելացնել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *