Հասարակություն

Ինչո՞ւ են հին նմուշի անձնագրերը տրամադրվում 2 տարի ժամկետով.պարզաբանում

Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել 2 տարով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նկատեց՝ շատ բուռն արձագանք է ստացել անձնագրի վավերականության ժամկետը 2 տարով սահմանափակելու կարգավորումը: Նա խնդրեց պարզաբանել այդ սահմանափակման իմաստը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց՝ այդ սահմանափակումը դեռ չի գործում, դա նախագիծ է: «Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը, այն է՝ կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն ևս բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով»,-պարզաբանեց Ֆիդանյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *