Հասարակություն

ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ. Մոտիվացիոն հոլովակաշար

 ՀԿ կենտրոնը WFGG ծրագրի շրջանակներում հրապարակել է մոտիվացիոն հոլովակներ, որոնցում տարբեր ոլորտներում հաջողության հասած կանայք խոսում են յուրաքանչյուր մարդու դերի մասին։

Հոլովակները հասանելի են յութուբյան այս փլեյլիստում՝ https://youtube.com/playlist...

Առաջին հինգ հերոսուհիները.

Անի Սամսոնյան - ԱԺ «Լուսվարոր Հայաստան» խմբակցության ատգամավոր.

-Մենք բոլորս ուզում ենք, որ մեր համայնքը լինի կանաչ, մաքուր, ենթակառուցվածքներով հագեցած և աշխույժ։ Սակայն մենք սպասում ենք, որ որևէ մեկը գա և անի դա մեր փոխարեն։ Որևէ մեկը չի գալու և դա չի անելու մեր փոխարեն, եթե մենք չմասնակցենք և չպահանջենք։ Եթե չեք ուզում, որ որևէ մեկը որոշի ձեր փոխարեն, թե ինչպիսի համայնքում պետք է ապրեք, դուք պետք է լինեք հնարավորինս ակտիվ։ Հակառակ դեպքում դուք ինքներդ կհիասթափվեք ձեր համայնքից և ստիպված այն կլքեք։ Եղե՛ք ակտիվ, մի՛ ծուլացեք, սիրե՛ք ձեր համայնքը և իրականացրե՛ք ձեր բոլոր պատկերացնումները համայնքում։ Ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին ձեզ կտա հեղինակություն, սոցիալական պահանջմունքների մեծ բավարարվածություն, լուսավոր և շատ աշխույժ կյանք։ Վե՛ր կաց և գործի՛ր, համայնքը սպասում է քեզ։

Հերմինե Գասպարյան․ - Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ.

-Հզոր հասարակություն և հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ են հզոր քաղաքացիներ։ Իսկ կանայք ավելին են, քան քաղաքացիներ։ Մենք պետք է ավելի շատ վստահենք մեր ուժերին, քանի որ ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք։ Պետք չէ սպասել փոփոխությունների, այլ պետք է ինքներս ստեղծենք փոփոխություն մեր ընտանիքում, համայնքում, աշխատավայրում, հասարակության մեջ։ Պետք չէ սպասել աջակցության, այլ պետք է գործել՝ կարծելով, թե կա այդ աջակցությունը։ Սկսենք փոքր քայլերից, դուրս գանք մեր կոմֆորտ-զոնայից և դառնանք ինքնավստահ ու մղվենք ավելի մեծ քայլերի՝ երբեք չհանձնվելով։ Հաճախ ստիպված ենք լինելու երկու անգամ ավելի շատ աշխատել տղամարդկանցից՝ հասարակության մեջ նույն ընկալումն ու հարգանքը ունենալու համար, ստիպված ենք լինելու ապացուցել ու ապացուցել։ Եվ, ամենակարևորը, մենք պետք է կանգնած լինենք այլ կանանց կողքին, աջակցենք միմյանց, տոնենք միմյանց հաջողությունները և դրանով իսկ դառնանք ավելի ուժեղ։ Այո՛, մենք պե՛տք է անենք այս ամենը, քանզի այդպիսով ենք դառնալու ավելի ինքնավստահ, բավարարված և լիարժեք, ստեղծելու ենք բալանսավորված ու արդյունավետ հասարակություն՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի։

Աննա Եղոյան․ երիտասարդական ոլորտի փորձագետ

Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր է ունենալ հզոր, կայացած համայնքներ։ Մեր համայնքների ներուժը օգտագործելու ամենակարևոր գործոններից մեկն է նաև աղջիկների ներուժն օգտագործելը։ Ես կոչ եմ անում բոլոր աղջիկներին, հատկապես մարզերում բնակվող երիտասարդ աղջիկներին, ինչպես նաև պատանիներին, որ իրենք իրենց ձեռքը վերցնեն իրենց ապագան, որ հասկանան, որ պետք չէ մտածել անձնական երջանկության ու կարիերայի միջև երկընտրանքի մասին, որ դրանք շատ հեշտությամբ հնարավոր է համատեղել, երբ դու քո կողքին ունես աջակցող համայնք, աջակցող ընտանիք ու զբաղվում ես քո սիրած գործով։

Չիտչյան Լիլիթ․ «Չամիչ» հյուրատան հիմնադիր

Սիրելի՛ աղջիկներ և կանայք, շատ կարևոր է, որ այնտեղ, որտեղ դուք ապրում եք, բացահայտեք ձեր պոտենցիալը և ծաղկեցնեք ձեր համայնքը՝ ձեր շուրջը ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կհետևի ձեր օրինակին և կհասնի իր նպատակին՝ սեփական ուժերը կիրառելով։ Ճանաչե՛ք ինքներդ ձեզ, ճանաչե՛ք, թե դուք ինչ կարող եք անել, և միշտ վերլուծեք այն ճանապարհը, որով անցնելու եք։ Շատ կարևոր է շարունակական կրթությունը։ Միշտ սովորեք։ Միշտ արեք այն, ինչ ճիշտ եք համարում։ Մի լսեք ուրիշներին, իսկապես, այն ինչ ճիշտ եք համարում, հենց դա էլ արեք։ Եվ շատ կարևոր է, որ ձեր ընտանիքներում և շրջապատում մյուսներին ցույց տաք ձեր օրինակը, փոխեք ձեր շրջապատը ձեր վարքագծով, գործողություններով․ միայն խոսքը բավարար չէ։

Հոլովակը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *