Հասարակություն

«Կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին» (տեսանյութ)

Ազգային ժողովում, բուն օրակարգից զատ, պատգամավորները  քննարկել են նաև կորնավիրուսի տարածման ահագնացող տեմպը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, թե վերջին 2 օրերի ընթացքում կա տենդենց ամբողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա.

«Կառավարությունը բարոյական իրավունք չունի այսօր պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա»:

Զոհրաբյանը համաձայն է, որ քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ և հետևել պարետատան ցուցումներին, բայց այլ դիտարկում ունի.

«Արդյո՞ք պատասխանատու կառույցները արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին: Չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»:

Զոհրաբյանը հիշեցրեց պաշտոնյաների նախկին և ներկա հայտարարությունների հակասությունները և նշեց, որ քաղաքացին ունի իրավունք մոլորվելու այս հայտարարություններից.

«Մենք կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին, հիմա ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ Կառավարությունը պիտի իր համար որոշում կայացնի և մոբիլիզացնի ողջ ներուժը»:

Հայտնեց , որ մի խումբ բժիշկներ պատրաստվում են վարչապետի հետ քննարկել իրավիճակը, առաջարկել  ելքեր, հորդորեց լսել նրանց:

«Սա պատերազմ է, այստեղ պարտվելու է պետությունը, եթե մենք այս քաոսի վերածվող անկառավարելի իրավիճակից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց արդար դիտարկումներ չկատարելու մեջ:

Պաշտոնյաների հակասական հայտարարությունների վերաբերյալ Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորը ևս դիմակների կրումը նախկինում համարել էր վտանգավոր: 

Սիմոնյանը նաև հիշեցրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե բարի մարդկանց վիրուսը չի կպնում, շեշտեց՝ մինչդեռ այսօր հասկանալի պատճառներով Գագիկ Ծառուկյանը դահլիճ չի գալիս:

«Որևիցե մեկը՝ թե՛ պարոն Ծառուկյանը, թե՛ Դուք, թե՛ ես, այս իրավիճակի հետ ծանոթ չենք եղել և չգիտենք, թե ինչպես կլիներ, եթե տիկին Զոհրաբյանը լիներ ՀՀ առողջապահության նախարար»:

ԱԺ փոխխոսնակը հորդորեց Զոհրաբյանին  կառավարող ուժին չտարանջատել ՀՀ քաղաքացուց և իրենցից չպատշտպանել քաղաքացուն:

Վահե Էնֆիաջյանը կարճ դիտարկում արեց, թե իրենց խմբակցության ղեկավարը վաղուց է խոսել տոտալ կարանտինի անհրաժեշտության մասին, իսկ «բարի մարդկանց վիրուսը չի կպնում» արդեն հայտնի արտահայտությունը եղել է հումոր, ինչի մասին հիշատակեց Ալեն Սիմոնյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *