Հասարակություն

Կարևոր է, որ այդ զորավարժությունները չվերածվեն սադրիչ գործողությունների՝ ՀՀ սահմանների անմիջական հարևանությամբ

Հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ:

Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որ զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Դեսպան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում ՀՀ-ում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *