Հասարակություն

Կառավարության շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»․ Նարե Գրիգորյանի բաց նամակը վարչապետի կնոջը

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական բաց նամակը։ Նամակն այս անգամ ուղղված է ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ 

Նամակում մասնավորապես ասվում է․

«Հարգելի տիկին Հակոբյան,

2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի այդ վայրում և նույնիսկ փոքրիկ հարցազրույց եմ վերցրել Նիկոլից:

Այդ օրերին այդ հրապարակում խաղում էին Մարիամն ու Աշոտը (վերջինս հեծանիվ էր քշում), իսկ Դուք հղի էիք երրորդ երեխայով: Նայելով Ձեզ՝ ես հիացմունքով մտածում էի, թե որքան զրկանքների միջով եք անցնում Դուք՝ որպես կին և մայր, որպեսզի հասնեք բաղձալի հաղթանակի և արդարության:

Ձեր պայքարն ի վերջո հաղթանակով պսակվեց, բայց արդյո՞ք հաստատվեց արդարություն:
Ես չեմ կարծում, թե Դուք զրկանքների Ձեզ ենթարկեցիք, հրապարակ-ընդհատակ-բանտ-դատարան-խմբագրություն ծանր շղթայի միջով անցաք այն բանի համար, որպեսզի այսօր Ձեր հաղթանակած ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճեն վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները՝ ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ:

Ես այն մտքին չեմ, որ Դուք դժվարին ուղի անցաք, որպեսզի ներկայիս կառավարության վարչությունների պետերն իրենց ենթականերին վախեցնեն ԿԳԲ-ով՝ «եթե մի բան իմանաս պետական միջոցների յուրացման մասին ու չասես՝ քեզ բռնել կտամ» խորագրով:
Ես չեմ ուզում հավատալ, որ Դուք մաքառել եք այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատացնել նրան 14-15 ժամ, իսկ այն մարդկանց,ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով և սևացնելով:

Տիկին Հակոբյան: Սիրելի Աննա:

Մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան և այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա:
Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում և մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված են: 

Ինձ, իհարկե, Նիկոլն այլևս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միևնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած, և պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում:
Ինչևէ:

Գուցե վերոնշյալ անձինք եւս Նիկոլի հետ ճանապարհ են անցել , բայց պետություն ղեկավարել նրանք չեն կարողանում: Նույնն է, թե դեղձանիկը լավ թռչուն է՝ սիրուն, երգեցիկ, բայց նրան ձիու նման չես կարող լծել կառքին: Ինչքան էլ փորձես լծել, կամ դեղձանիկը կսատկի, կամ էլ եթե կենդանի մնա, միեւնույն է՝ կառքը չի շարժվի:

Աննա ջան:

Ես Ձեզ սրտանց մաղթում եմ, որ Նիկոլի կողքի խաժամուժը այլեւս չմթագնի նրա եւ Ձեր երազանքները՝ կապված մեր հայրենիքի հետ:

Ես արդեն հիասթափվել եմ: Չեմ ուզում, որ հիասթափվեն նաեւ հրապարակի այն հարյուր հազարները: Ես, թերեւս, միայն հոդվածներ գրելով պայքարեմ, բայց այդ հազարներն իրենց բնութով ագրեսիվ են, հոդված գրելով չեն բավարարվի:

Լավ եղեք եւ բարին ընդ Ձեզ», - եզրափակելով խոսքը՝ գրել է Ն. Գրիգորյանը:

Նարե Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելու նախապատմությունը, պատճառներն ու բացատրությունները կարող եք կարդալ այստեղ և այստեղ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *