Հասարակություն

Կառավարությունը շուրջ 224 մլն. դրամ է վճարել հյուրանոցներին՝ մեկուսացված անձանց տեղավորելու համար

Հայաստանի կառավարությունն ավելի քան մեկ տասնյակ հյուրանոցներում հազարավոր համարներ է վարձակալել կորոնավիրուսով կասկածվող մարդկանց մեկուսացնելու համար:

COVID-19 միջոցառման շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելի քան 20 անգամ հյուրանոցային ծառայություն է գնվել  և  վճարվել է շուրջ 224 մլն. դրամ:

Վարձակալված հյուրանոցներից որոշները հայտնի են հանրությանը, որոշները` ոչ այնքան: Եվ որոշ հյուրանոցների հետ կնքվել են բավական խոշոր գումարի պայմանագրեր:

Կառավարության կայքում տեղադրված այդ պայմանագրերից պարզ է դառնում, որ ամենամեծ պատվերը տրվել է «Ռումի ՍՊԸ»-ին՝ 42 մլն 542.000 դրամ: 2-րդ տեղում է «Ռեժինե» ՍՊԸ-ն է, որին առաջին փուլով թվով 93 համարի համար վճարվել է 20 մլն. 925.000 դրամ: Այս դեպքում համարները վարձակալվել են 15 օրով և յուրաքանչյուր համարի 1 օրվա արժեքը առանց սննդի կազմել է 12.500 դրամ: Այսինքն կառավարությունը սննդի համար լրացուցիչ է վճարել այս դեպքում առաքող ընկերություններին: 2-րդ փուլով ստացել է 4 մլն. 50.000 դրամի պատվեր:

Հաջորդ խոշոր պատվերն ստացել է «Վիկտորիա ՎՍ» ընկերությունը, որը նորից 2 փուլով և առանց սննդի մատուցման կառավարությունից ստացել է 20,7 մլն. դրամ: Այնուհետև` «Ինվետս հոթելը» քաղաքացիների մեկուսացման համար 15 օրվա դիմաց ստացել է 20 մլն. 902.000 դրամ՝ ներառյալ սնունդը:

 «Իմպերիալ հոթելը» ստացել է 19 մլն. 635.000 դրամ, իսկ «Վերածնունդ Հայրապետյաններ» ՍՊԸ-ն 2 փուլով` 13 մլն. 830.000 և 3 մլն. 588.000 դրամ: Մեկուսացվածներին տեղավորելու համար կառավարությունից խոշոր պատվերներ են ստացել նաև «Լյուդվիգ Գաբոյան» և «Փարիզյան հոթել» ընկերությունները` համապատասխանաբար 15 մլն. 900.000 և 12 մլն. 078.000 դրամ:

Կոտայքի մարզում գտնվող «Ռիչմայնդ» հյուրանոցը մեկուսացրել է 85 մարդու՝ կառավարությունից ստանալով 12 մլն. 337.000 դրամ: Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գարուն» հյուրանոցը՝ 11 մլն. 900.000 դրամ, «Նորքի ռեզիդենսը»` 10 մլն. 499.000 դրամ:

Մի քանի այլ հյուրանոցներ էլ, համեմատաբար ավելի քիչ մարդ  տեղավորելու համար քիչ գումար են ստացել:

Ակնհայտ է, որ կառավարությունն այս պատվերներով բացի COVID-19-ով կասկածվողներին մեկուսացնելու խնդիրը, փորձել է լուծել նաև հնարավորինս մեղմել համաճարակի պատճառով գրեթե անգործության մատնված հյուրանոցային բիզնեսի ծախսերը: Կառավարությունն էլ հավանաբար չի կարող երկար նման ծախսեր կատարել, քանի որ այս պահին ոչ միայն տուրիզմը և հյուրանոցային բիզնեսն են կանգնած, այլև` ողջ տնտեսությունը: Եվ եթե մարտ ամսին որոշակի հարկեր հավաքվել են, ապրիլին բյուջեի մուտքերը կտրուկ ընկած կլինեն:

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ելույթներից մեկում չի բացառել, որ, կարող է, ինչ-որ պահի չկարողանան մեկուսացվածներին հյուրանոցներում պահել և նրանց խնդրեն ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *