Հասարակություն

Խոշտանգման ենթարկված Արմեն Աղաջանյանի հարազատները դիմելու են ՄԻԵԴ

2018-ին ՔՀԿ-ում խոշտանգման ենթարկված Արմեն Աղաջանյանի հարազատները  դիմել են Վերաքննիչ, պատրաստ են դիմել նաև ՄԻԵԴ

«Նոր Հայաստանի դատական համակարագը արդարացնում է դաժան խոշտանգումը, ամբաստանյալին դատարանի դահլիճից ազատ է արձակում»-«Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում է անում փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ ներկայացնելով մանրամասներ 2018 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկված Արմեն Աղաջանյանի գործով դատաքննության ընթացքից:

2018 թվականին 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց և նշված ՔՀԿ տեղափոխվելուց հետո ենթարկվել էր դաժան ծեծի՝ ՔՀԿ-ի աշխատակիցներին չբարևելու համար, 4 ամիս հետո նրա մարմինը գտել էին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված վիճակում: Արմեն Աղաջանյանը ունեցել է առողջական խնդիրներ, խոշտանգման ենթարկվելուց մի քանի ամիս առաջ վիրահատվել է, հաստ և բարակ աղիների վիրահատությունից հետո ունեցել է բաց վերքեր։ Տուժողի հարզատները մինչև այսօր պնդում են, որ Արմենին խոշտանգել են և խոշտանգման գործն ավարտվել է սպանությամբ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշում է կայացրել մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին դատարանի դահլիճից համաներմամբ ազատ է արձակել՝ խոշտանգման հոդվածը վերաորակելով՝ լիազորությունների անցում:

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը «Ա1+»-ին հայտնեց ՝ Առաջին ատյանի դատարանիորոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարանում.

«Ցուցմունք կա, թե ինչպես են Արմեն Աղաջանյանին ոտքերով և ձեռքերով ծեծի ենթարկել, բայց բոլոր այդ ցուցմունքները Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել:  Սա պարզապես աբսուրդ է և ՀՀ-ի համար խայտառակություն կլինի, եթե որևէ դատական ատյան չճանաչի այս խոշտանգման հանգամանքը»:

Այս ամենի համատեքստում փաստաբանը կարևորում է դատական համակարգի վերափոխման հարցը.

«Մենք տեսնում ենք, որ նման դատական ակտեր կայացնող դատավորները դեռ իրենց աթոռին են, դեռ ավելին՝ պետք է նրանց աշխատավարձը բարձրանա, որ տուժողների իրավունքները «լավ» ոտնահարեն:

Վերքննիչ դատարանում այս գործով առաջին դատական նիստն է կայացել, փաստաբանն ասում է՝ եթե Վերաքննիչ, հետո նաև Վճռաբեկ դատարններում իրենց պահանջը չկատարվի, պատրաստ են  դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թեև հույս ունեն, որ Վերաքննիչը կճանաչի խոշտանգման փաստը:

Ղարագյոզյանն ասաց՝ գրավոր դիմելու է նաև ԱԺ-ի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, առաջարկելու է անձամբ մասնակցել դատական նիստերին:

Գործով ներգրավվել է նաև երկրորդ մեղադրյալը, որը նախկինում որպես վկա էր, հայտնեց Ղարագյոզյանը:

Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *