Հասարակություն

Կյանքից հեռացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը: Այս մասին  տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ բանաստեղծը մահացել է հունվարի 11-ին:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի Մեծ Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունն  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել Գյումրի/Լենինական/,  ուր  ավարտել միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել է Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը: Ուսանելուն  զուգընթաց աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1989 թ.-ին նշանակվել է  ՀՀ  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։ 1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։ 1994-1996 թթ. -ին ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության վարչության  նախագահ: 1999-2003 թթ.-ին՝ ՀՀ նախագահի  խորհրդական: 2005-2007 թթ.-ին՝ «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն: 2007-2018 թթ.-ին՝ «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական: Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ.-ին՝ Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմս» և «Ուասաֆիրի» պարբերականները։ 1969-ին՝ 5 տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972թ.-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմն առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում՝ 1984թ.-ին։ 1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *