Հասարակություն

Կյանքից հեռացել է հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Ֆեյսբուքյան իր էջում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան մասին նշում անելով՝ պատմաբան  Վահե Լորենցը գրել է.
Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․
Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․
Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
1975 թվականից սկսած ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, 1978 –ից՝ լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ողջ Պատմական Հայաստանի տարածքով։ 3 տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով են իրականացնում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր:
Հեղինակ է բազմաթիվ արժեքավոր գրքերի և աշխատությունների: Նա նաև տարբեր մրցանակների է արժանացել՝ 2007 թվականին՝ ՀՀ նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար,
2004թ. Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանի և Եղիշեի անվան գրականության մրցանակի։

Կարապետյանը քաղցկեղ ուներ, որին զուգահեռ առողջական մի շարք այլ խնդիրներ էին ի հայտ եկել: Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:

Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *