Հասարակություն

ԼՀԿ-ն առաջարկում է եկամտահարկի գումարների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիփոթեքային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որով, մասնավորապես, առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիփոթեքային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա։Գործող օրենքի կարգավորման հիմնական նպատակը եղել է բնակարանաշինության ոլորտի խթանումը։ Այդուհանդերձ, փաստում ենք, որ այդ նպատակը ներկայումս իրագործվում է միայն մայրաքաղաքում»,-նշել է Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ օրենքով տրված հնարավորությունը փաստացի գործում է միայն մայրաքաղաքի մասով, քանի որ մայրաքաղաքում է իրականացվում կապիտալ շինարարություն, իսկ մարզերում արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ բնակելի շենքեր չեն կառուցվում, ինչի պատճառները բազմաթիվ են։ Օրինակ, մարզերում բնակարաններն արժեն մի քանի անգամ ավելի էժան և այլն։

«Ի՞նչ մեղավոր են օրինակ Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում»-նշել է խմբակցության ղեկավարը:

Ըստ այդմ՝ խմբակցությունն առաջարկել է, որ հիփոթեքային պայմանագրի տոկոսների փոխհատուցման արտոնությունից օգտվեն նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռքբերելու դեպքում: Խմբակցության ղեկավարը նշել է՝ կարծում են, որ առավել ընդունելի և արդար մոտեցում կլինի մարզերի բնակչությամբ նկատմամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *