Նոր կառավարության կողմից վերջին բացահայտումները փաստում են, թե ամենաթողության աստիճանը որքան մեծ է եղել «հին Հայաստանում»։ Դա վկայող մեկ այլ ուշագրավ փաստ էլ մեզ հայտնի դարձավ, որը տեղի է ունեցել Լոռու մարզում։ Վարկավորման պատմության մեջ չլսված մի դեպք։ Պարզվում է՝ Լուռու մարզպետարանը վարկ է տրամադրել Վանաձորի կենտրոնի համատիրության նախագահին՝ Տարոն Ֆարմանյանին, որպեսզի վերջինս մաքսազերծի ԱՄՆ-ից իրեն ուղարկված «Mercedes BENZ E 430» մակնիշի ավտոմեքենան։ «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» և Տարոն Ֆարմանյանի միջև կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման և տրանսպորտային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրամադրվել է 1.727.905 դրամի բյուջետային վարկ` այն 6 ամիս անց վերադարձնելու պայմանով:
Վարկի վերադարձելիությունն ապահովելու համար գրավադրվել է Ֆարմանյանին պատկանող ավտոմեքենան:
Մեքենան մաքսազերծելուց հետո, սակայն, Ֆարմանյանը մեկ տարվա ընթացքում վերադարձնում է միայն վերը նշված գումարից ընդամենը 328 հազար դրամը և ևս 62 հազար դրամ հաշվարկված տոկոսները:
Մարզպետարանից, հասկանալով, որ չեն կարողանալու հետ ստանալ տրամադրված գումարը, դիմում են դատարան՝ դատարանից խնդրելով Ֆարմանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.399.750. դրամ` բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում բռնագանձումը տարածել նաև պատասխանողին պատկանող այլ գույքի վրա։
Ամենազավեշտալին այն է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մարզպետարանի հայցը բավարարել մասնակի։ Դատարանի որոշմամբ՝ Տարոն Ֆարմանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 399 հազար 750 դրամ վարկի գումարը: Հայցը մնացած մասով մերժվել է։
Որոշ տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել նաև մարզպետարաններում և համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով։
Հոդվածը՝ Առաջին լրատվականի
0 Մեկնաբանություն