Հասարակություն

«Լուսավոր Հայաստան»-ը դեմ է Մշակույթի նախարարության միավորմանը (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս եկել էր սատարելու Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով ոչ միայն  չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, այլեւ   աշխատանքից ազատել հենց Նազենի Ղարիբյանին:

«Մենք փաստացի տեսնում ենք, որ չի կարելի փակել Մշակույթի նախարարությունը և գնալ միավորման՝ սուպերնախարարության ճանապարհով: Մեր խմբակցությունը սա անթույլատրելի է համարում:-ասաց  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորը: – Տեսնում ենք, որ ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնցով պետք է լինեն զբաղվողներ, պետք է լինի պատասխանատու»:

«Հիմա, եթե Մշակույթի նախարարի պարտականություններ կատարողը չի կարողանում խնդիրներին տիրապետել և խնդիրներին այնպիսի լուծումներ տալ, որ ոլորտի ներկայացուցիչները գոհ մնան, որ հենց սա պետք է նախարարի դերը լիներ, հետո երբ միավորվեն՝ ի՞նչ կլինի»,- շարունակում  է նա։

Գևորգ Գորգիսյանին մտահոգում է նաև այն, որ «եթե մշակութային ոլորտը դեգրադացիա ապրի», որի նախանշանները նա տեսնում է, հնարավոր է, մնացած ամեն ինչ իմաստազրկվի, քանի որ մշակույթով է պայմանավորված ազգի ինքնությունը և առանց դրա, անհասկանալի է, թե որպես տեսակ ինչ ենք դառնալու ապագայում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *