Հասարակություն

«Լուսավոր Հայաստան»-ը հետաքրքրված է կինոոլորտի խնդիրներով

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հետաքրքրված է կինոոլորտի խնդիրներով: Խմբակցությունն այսօր հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց:

Կինոռեժիսոր, Ֆիլմարտադրողների հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը, ներկայացնելով կինոյի խնդիրները, ասաց, որ դրանց երկու մեծ փաթեթ կա:

«Մեկը` կինոյի պետական կառավարման մոդելի խնդիրն է, որովհետեւ երկիրը տասնամյակներ շարունակ զարգացել է մի տրամաբանության մեջ, եւ հիմա, կարծես թե, տրամաբանությունը պետական կառավարման փոխվում է, եւ գլոբալ խնդիր է, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է համապատասխանեցվի կառավարության տրամաբանությանը, իսկ կառավարության տրամաբանությունը օպտիմալացումն է ու արդյունավետության բարձրացումը: Ֆիլմարտադրողների ֆեդերացիան փաթեթ է ներկայացրել կառավարությանը եւ մենք հիմա քննարկումների մեջ ենք, նպատակը՝ պետական կառավարման մոդելի արդյունավետության բարձրացումն է: Եւ երկրորդը՝ դա օրենսդրական կարգավորման խնդիրն է»,- ասաց կինոռեժիսորը:

Անկախ կինոգործիչների համայնքի ներկայացուցիչ պրոդյուսեր Արմինե Անդան ընդգծեց, որ պետք է ունենալ կինոյի մասին օրենք:

«Սակայն կինոյի օրենքը, ոչ թե ձեւի համար փաստաթուղթ, այլ հենց ամրագրելով այն ռազմավարությունները, մտածված ռազմավարությունները, որոնք պետք է ստեղծեն բարենպաստ պայմաններ կինոյի զարգացման համար: Նույնը, իմ կարծիքով, վերաբերվում է մշակույթի մնացած ոլորտներին: Երկրորդը՝ ես ուզում եմ ուղղակի նշել այն, որ հիմա խոսվում է, որ անհատները տեղ չունեն կամ պետական ստուդիա, ախր, այդպես է եղել, չէ որ կինոկենտրոնը գործել է որպես արտադրող եւ հենց դա չի թողել, որ մենք զարգանանք: Պետական ստուդիան որպես արտադրող դա վտանգավոր բան է»,- նշեց պրոդյուսերը:

Քննարկումները կլինեն շարունակական՝ արդեն հստակ ուղղվածությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *