Հասարակություն

Մարտի 1-ի գործով առանցքային վկաների անվտանգությունը չի ապահովվում․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

«Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ «Մարտի 1-ի» գործի դատաքննությունը ընթացակարգային առումով դժվարություն է ստեղծում։ Մասնավորապես՝ դատարանի շենքի դիմաց տեղի ունեցող ակցիաները։

«Հիմնականում պաշտպանական կողմի խոսքը հասանելի է լինում, իսկ այն մասսան, որը հավաքվել է դրսում, նպատակ ունի աղմուկով խաթարելու դատական գործընթացը, հաջողվում է․․. Ըստ էության, պաշտպանության կողմն ամեն ինչ անում է, որ այս դատաքննությունը ուշ սկսի, մեղադրական եզրակացությունը չհնչի, մեղադրական եզրակացության մեջ ներառված փաստական հանգամանքների կապակցությամբ մեր դիրքորշումները չբաձրաձայնվեն, էլ չեմ ասում, որ ապացույցների հետազոտում տեղի չունենա, որովհետև մինչև հիմա հայտարարել են, որ գործը չունի լուրջ ապացույց։

Ռոբերտ Քոչարյանը մշտապես հայտարարում է, որ գործը կարված է, հետևաբար, եթե ապացույցների հետազոտում լինի, և հրապարակվի շատ ապացույցներ, բոլորը կտեսնեն, որ մինչ այս փուլում ինչ հայտարարել ենք, ճիշտ են եղել, և գործի շահերից է բխում»։

«Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների անվտանգության ապահովումը, ըստ Սեդա Սաֆարյանի, անհրաժեշտ է։ Նա վերհիշեց, որ 11 տարի առաջ, երբ վկաները ցուցմունք էին տալիս, հուզված և վախեցած էին և նույնիսկ պարզունակ հարցերին խուսափում էին պատասխանել։

«Ցավում եմ, որ Հայկ Հարությունյանի հետ այս ամենը եղավ, ես գտնում եմ, որ եթե Հայկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում լիներ, որպես Մարտի 1-ի գործով առանցքային վկա, սա չէր պատահի։ Մի կողմից պաստախանատվության ենթարկվելու վախը, մյուս կողմից նախկին իշխանությունների համագործակցելը և դրա մասին հիմա հայտարարելը դատարանում շատ ծանր հոգեվիճակի առաջ է կանգնեցնում մարդուն։ Նախկին իշխանությունները հոգեբանորեն պատրաստ չեն պատասխանատվության ենթարկվել, որովհետև միշտ իրենք են պատասխանատվության ենթարկել»,- ընդգծեց Սեդա Սաֆարյանը։

Տիկին Սաֆարյանին մտահոգում է, որ առանցքային վկաների անվտանգությունը չի ապահովվում։ Ըստ նրա՝ բարձիթողի վիճակ է։ Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ դատարանը լծակ ունի, որպեսզի առանցքային վկաների անվտանգությունը ապահովի։

«Դատարանը, առավել ևս այն պարագայում, երբ իր նկատմամբ հետապնդում եղավ, պետք է հասկանա, որ վկաների վիճակը կարող է ավելի վատ լինել, նրանք անհսկելի են։ Առանց այդ էլ այս 11 տարիների ընթացքում գործի հետ առնչություն ունեցող մարդիկ սպանվել կամ մահացել են, որոնց սպանության կամ մահվան հանգամանքնները հասկանալի չեն։ Ինչքան շատ մարդ է սպանվում, այնքան Ռոբերտ Քոչարյանը շատ է ասում՝ ո՞ւր է, սպանությունները չեն բացահայտվում։ Հույսը դրել է, որ սպանությունների բացահայտումը իր համար ցանկալին կարող է ապահովել։ Իհարկե, ես այդ կարծիքին չեմ, հակադարձելով իրեն, ասեմ, որ գոնե «Չերեմուխա» կրակողների ինքություննները պարզված են։ Պարզված են, որ նրանք պետական՝ ոստիկանության աշխատակիցներ են, գոնե այդքան մասով ինքը կապված է այն ամենի հետ, ինչը իր մեղադրանքում ներառված է»,- նկատեց նա։

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ Հայկ Հարությունյանը շատ տեղեկությունների էր տիրապետում։ Բայց Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ լինեն տեղեկություններ, որոնց նա չի տիրապետել։

«Գուցե նա չէր տիրապետում այն փաստերը, որ ոստիկանության աշխատակիցներ են եղել, որոնք առավոտյան և գիշերը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ բավարար տեղեկություններ են հաղորդել՝ արկղով զենք տանելու և դնելու վերաբերյալ։ Գուցե, Հայկ Հարությունյանը այս ամենի մասին վերջին պահին է տեղեկացել։ Քրեական գործով բավարար տեղեկություններ կան, որ նրա պաշտոնավարումից հետո Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին զեկուցագրերը սկսվել են կեղծվել, իսկ դրանք այն իրավական հիմքերն են եղել, որոնց հիմքով Հայկ Հարությունյանը իբր փետրվարի 29-ի խորհրդակցությամբ՝ Մարտի 1-ի տեղանքի զննություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Հայկ Հարությունյանը պետք է պաստախաներ այն հարցին, թե ինչո՞ւ առանց իրավական հիմքերի գնաց և տեղանքի զննություն արեց, ի՞նչ իրավական հիմք է ապահովել դրա համար, որովհետև եթե լինեին օպերատիվ տեղեկություններ, ու դրանց վերաբերյալ զեկուցագիր, հետագայում դրանք չէին կեղծվի»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *