Հասարակություն

Մենակ «դեպուտատ» ընտրվելու ժամանակ էին փողերը «ջեբերը» գալիս. Բասենի գյուղացիները դեմ են խոշորացմանը

Նախորդ Կառավարության կողմից իրականացրած համայնքների խոշորացումը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, գյուղական բնակչության կողմից չի ընդունվել: «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը Շիրակի մարզի Բասեն համայնքում էր, որտեղ նախօրեին ճանապարհ էին փակել:

Բասենցիները մեզ հետ զրույցում դժգոհեցին՝ իրենք չեն ուզում մյուս համայնքների հետ ապրել, այս ընթացքում շատ դժվարությունների առաջ են կանգնել, տեղեկանքի համար ստիպված են հասնել Ախուրյան, ժամերով հերթ կանգնել, կստանա թե ոչ, դա էլ կախված է համայնքի ղեկավարի զբաղվածությունից: Սա մեկ դրվագ է նրանց բողոքից:

Գյուղի տարեց կանանցից մեկը պատմեց՝ տարիներ առաջ ինքը տեսել է համայնքների խոշորացման հետևանքը, հիմա չի ուզում նույնը կրկնվի: Ասում են՝ պատրաստ են ծայրահեղ քայլերի, եթե նոր Կառավարությունը չսլի իրենց բողոքն ու չառանձնացնի համայնքը: «Ես ուզում ենք առանձին:

Իմ գյուղը, իմ «տերիտորիան»: Մենակ «դեպուտատ» ընտրվելու ժամանակ, փողերը «ջեբերը» գալիս էին: Ես ընտրում էի իմ իմացած մարդուն, ում կենսագրությունը գիտեի: Մենք մեր գյուղապետին ենք ուզում ունենալ, գյուղից, ով բոլորին ճանաչում է, մեր դարդ ու ցավը գիտի:

Թող մեր գյուղը մնա մեր գյուղապետով, մեր «պրոբլեմներով», ես մտնեմ իմ գյուղապետարանը, բացատրեմ, որ ինձ էս ինչ թուղթը պետք է, տուր, ոչ թե գնամ Ախուրյան, ընկնեմ ման գամ՝ թե ումի՞ց եմ վերցնելու էդ թուղթը: Մենք փոքր գյուղ չենք, որ մեզ խոշորացրին, մենք պահանջում ենք՝ մեր կարծիքը հաշվի առնել: Մենք մարդ չե՞նք: Ազատ, անկախ Հայաստան են հոլովում, մենք դրա մասնիկւ չե՞նք: Այն ժամանակ ոչ ոք մեզ հաշվի չառավ, ոչ ոք մեզ չհարցրեց՝ մենք ուզում ենք խոշորանալ թե՞ ոչ»,- ասաց Բասենի բնակիչներից մեկը:

Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ իրենք միշտ ակտիվ պայքարել են համայնքների խոշորացման դեմ: «Բնակիչ-իշխանություն անջրպետն ավելի է մեծացել: Մենք պետք է ունենանք մեր ղեկավարն, ումից կարող ենք պահանջել: Մենք կայացած գյուղ ենք, խոշոր գյուղ ենք: Էս մարդկանց գիտակցությունը տեղն է, մարդիկ գիտեն՝ ինչի համար են ապրում»,- նշեց նախկին գյուղապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *