Հասարակություն

«Մեզ չի հետաքրքրում, թե ինչքան աշխատատեղ է բացվում»․ նախագահականի դիմաց մարդաշատ է

Բաղրամյան 26 հասցեն՝ նախագահականը, մեկ ժամից ավելի է՝ մարդաշատ է։ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված  ջերմուկցիների պատվիրակության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ հանդիպմանը զուգահեռ՝ Ամուլսարի հարցով մտահոգները  բողոքի ակցիա են իրականացնում հանուն Ամուլսարի՝ այդ կերպ աջակցելով նաև պատվիրակության անդամներին։

Ջերմուկցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Մեզ չի հետաքրքրում, թե ինչքան աշխատատեղ է բացվում, ինչքան ներդրում է լինում, խնդրում եմ՝ այս հարցի շուրջ վարչապետը լուրջ մտածի և այնպիսի պատասխան տա, որը կգոհացնի ջերմուկցիներին։ Ջերմուկը հանքարդյունաբերության վայր չէ, այն տուրիզմի կենտրոն է»,- Եղիշե Զաքարյանը։

Միջազգային փորձագիտական «էլլարդ» ընկերության եզրակացությունը՝ կապված Ամուլսարի հետ, վստահություն չի ներշնչում խնդրով մտահոգվողներին։

«Լղոզված եզրակացություն էր, ոչ մի կոնկրետ բան չէր ասվում։ Եթե մենք այսքանից հետո չենք հասկացել՝ մեր երկրի համար ինչ աղետալի հետևանք կունենա հանքերի, այն էլ՝ Ամուլսարի նման վտանգավոր հանքի  շահագործումը, որի շահագործման  ժամանակ օգտագործվելու է  ցիանիդ և ուրան, որը լցվելու է Սևանի մեջ, մինչդեռ մենք հայտարարում ենք, որ Սևանը մեր ոսկին է, բայց ոնց զգում եմ՝ այդ խոսքերը օդում ասված խոսքեր են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Հելեն Մելքոնյանը։

Նա հույս ունի, որ հասարակության վստահությունը վայելող վարչապետը այնպիսի որոշում կկայացնի, որը կբխի ժողովրդի և պետության շահերից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *