1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների 20-րդ տարելիցի առթիվ Եռաբլուր պանթեոն էր այցելել 1999 - 2000 թթ. Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար, փոխվարչապետ, ռազմական, պետական գործիչ Վահան Շիրխանյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շիրխանյանն անդրադարձել է Ազգային ժողով ներխուժած խմբի ղեկավար, «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումին: Նա բացասաբար է վերաբերվում դրան. «Նա պետք է փտի բանտում»,- ասել է Շիրխանյանը։
«Հոկտեմբերի 27»-ի գործը, ըստ նրա, պետք է վերաբացվեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ձևավորման օրվանից, որովհետև Հայաստանի խտացված բոլոր խնդիրներն առաջացել են հենց հոկտեմբերյան իրադարձություններից հետո։
«Մինչև չբացահայտվեն կազմակերպիչները, հնարավոր չէ Հայաստանը կարգի բերել, պետականաշինություն սկսել, հասարակություն առողջացնել», - շեշտել է քաղաքական գործիչը։
«Հոկտեմբերի 27»-ից հետո միլիարդատեր դարձած մարդիկ շարունակում են իրենց ձեռքում պահել Հայաստանի ֆինանսական շուկաները և դա խանգարում է երկրի զարգացմանը»,- ասել է նա։
Անդրադառնալով Մեղրիի փոխանակման ծրագրին և դիտարկմանը, թե ԱՄՆ-ը փորձել է ճնշում գործադրել, որ Վազգեն Սարգսյանը համաձայնի Մեղրիի փոխանակմանը՝ Վահան Շիրխանյանն ասել է, որ Ռուսաստանի շնորհիվ է, որ դա չիրագործվեց, և որ փոխանակման հարցում ամերիկյան կողմի հետ Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվածություն է ունեցել։
Մինչև չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները,հնարավոր չէ Հայաստանը կարգի բերել.Վահան Շիրխանյան (տեսանյութ)

0 Մեկնաբանություն