Հասարակություն

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Անդրանիկի գերեզմանին և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր տոնում ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը: Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, որին մենք ճանաչել ու սիրել ենք, ում հետ բարեկամությամբ ու ընկերությամբ իրավամբ հպարտացել ու շարունակ հպարտանում եմ»։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *