Հասարակություն

«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի և իսկապես աստվածային է»:Նոբույուկի Յուջին հանդես կգա համերգով

«Վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Յուջիի մենահամերգով կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանը։

 Ի ծնե կույր երաժիշտն ապացույցն է, որ մարդկային հնարավորությունները սահման չունեն։

«Նվագում եմ, ինչքան որ ինձ հիշում եմ։ Չորս տարեկանում մայրիկից նվեր էի ստացել խաղալիք դաշնամուր և իմ կատարողական արվեստի սկիզբը հենց այս դաշնամուրից սկսեց»,- կատակում է դաշնակահարը։

Հարցին, թե ինչպես է  սովորում երաժշտական երկը, պատասխանում է՝ ձայնագրություններ լսելով։

«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի և իսկապես աստվածային է», ասել է աշխարհահռչակ  դաշնակահար Վան Քլայբերնը։

Ի դեպ, կույր երաժիշտը տաս տարի առաջ ստացավ Վան Քլայբերնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, որից հետո Նոբուն, ինչպես նրան կոչում են մտերիմները, հայտնի դարձավ երաժշտական աշխարհում։

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա դաշնակահարի մենահամերգը։ Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։


«Ֆրանսիական դասականներին առանձնահատուկ եմ սիրում, ինչ վերաբերում է Շոպենին, ապա նա էլ երկար տարիներ ստեղծագործել է Ֆրանսիայում», - ասում է Նոբուն ու հավելում, որ այս ծրագրի ընտրությամբ ցանկացել է հայ ունկնդրին հրամցնել իր սիրելի գործերը։  

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *