Հասարակություն

Ոչ բավարար սննդակարգը խաթարում է երեխաների առողջությունը ողջ աշխարհում․զեկույց

ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է երեխաներին, սննդին ու սնուցմանը վերաբերող նոր զեկույց, ըստ որի, երեխաների անհանգստացնող թվաքանակ տուժում է ոչ բավարար սննդի, սննդի ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով:

   Երեխաների իրավիճակն աշխարհում 2019թ.։ Երեխաներ, սնունդ և սնուցում զեկույցում նշվում է, որ 5 տարեկանից ցածր 3 երեխաներից 1-ը, այն է՝ 200 միլիոն երեխա, կա՛մ թերսնված է, կա՛մ գերքաշ: 6 ամսականից մինչև 2 տարեկան 3 երեխաներից գրեթե 2-ը չեն ստանում իրենց արագ աճող մարմնին և ուղեղին անհրաժեշտ սնուցում: Դրա հետևանքով հավանական է ուղեղի թերզարգացում, ուսումնառության ցածր մակարդակ, ցածր դիմադրողականություն, վարակների հանդեպ բարձր զգայունություն և մահվան ավելի բարձր ռիսկ:
  «Չնայած վերջին մի քանի տասնամյակների տեխնոլոգիական, մշակութային և սոցիալական զարգացումներին, մենք մոռանում ենք մի պարզ բան՝ եթե երեխայի սննդակարգն աղքատիկ է, նրա հետագա կյանքը նույնպես աղքատ կլինի», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Միլիոնավոր երեխաներ այժմ ապրում են անառողջ սննդակարգով, որովհետև պարզապես այլընտրանք չկա: Սնուցման մասին մեր պատկերացումներն ու պրակտիկան պետք է փոխվեն: Խոսքը երեխային ոչ թե բավարար, այլ ճիշտ սնունդ տալու մասին է: Դա՛ է մեր մարտահրավերն այսօր»:
   
 Ըստ զեկույցի՝ 149 մլն երեխա թերաճ է կամ իր տարիքի համեմատ ունիցածր հասակ, 50 մլն երեխա թերքաշ է կամ իր հասակի համեմատ ունիցածր քաշ, 340 մլն երեխա կամ 2-ից 1-ը, տուժում է հիմնական վիտամինների և սննդանյութերի պակասից, օր.՝ վիտամին A-ի կամ երկաթի, 40 մլն երեխա ավելորդ քաշ ունի կամ գեր է: Զեկույցն ահազանգում է, որ ոչ բավարար կամ սխալ սնվելու ու սնելու սովորույթը սկսում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերից: Հայտնի է, որ կրծքով սնուցումը կյանքեր է փրկում, սակայն 6 ամսականից ցածր երեխաների միայն 42 %-ն է բացառապես կրծքով կերակրվում: Դրա փոխարեն նորածինների աճող մեծամասնությունը կաթնախառնուրդ է ստանում: 2008-2013թթ. բարձր միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են՝ Բրազիլիան, Չինաստանը և Թուրքիան, կաթնախառնուրդի վաճառքն աճել է 72 %-ով: 
  Երբ 6 ամսականում երեխաներն անցնում են հավելյալ սննդին, շատ շատերի առաջին փորձառությունը սկսում է սխալ սննդակարգից: Աշխարհում 6 ամսականից 2 տարեկան երեխաների 45 %-ը չեն ստանում որևէ միրգ կամ բանջարեղեն: Մոտ 60 %-ը չի ուտում ձու, կաթնամթերք, ձկնեղեն կամ միս:
 
  Ըստ զեկույցի, ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցահասակ դեռահասների 42 %-ը օրական գոնե 1 անգամ սպառում է գազավորված շաքարային ըմպելիքներ: 46 %-ը շաբաթական առնվազն 1 անգամ արագ (պատրաստվող) սնունդ է ուտում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշները հասնում են համապատասխանաբար 62 և 49 %-ի:
 
Արդյունքում՝ ավելորդ քաշ ունեցող կամ գեր երեխաների և դեռահասների թիվն աճում է ողջ աշխարհում: 2000-2016թթ. 5-19 տարեկան երեխաների շրջանում գերքաշությունը կրկնապատկվել է՝ անցնելով 10-ից 1 երեխա ցուցանիշից 5-ից 1 երեխայի: 1975թ․ համեմատ այդ տարիքային խմբում 10 անգամ ավելի աղջիկներ և 12 անգամ ավելի տղաներ գերքաշության խնդիր ունեն այսօր:
 
Զեկույցում ասվում է, որ երեխաների և դեռահասների թերսնուցման ամենամեծ բեռը կրում են ամենաաղքատ ու խոցելի համայնքները: Ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող 6 ամսականից 2 տարեկան 5 երեխայից միայն 1-ն է ստանում առողջ աճի համար անհրաժեշտ բազմազան սննդակարգ: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, գերքաշության ցուցանիշը 2 անգամ բարձր է  երկրի ամենաաղքատ շրջաններում ի տարբերություն հարուստ շրջանների:
   Զեկույցում նաև նշվում է, որ կլիմայի հետ կապված աղետները սննդի լուրջ ճգնաժամեր են առաջացնում: Գյուղատնտեսության ոլորտում վնասների ու կորստի 80 %-ի պատճառն է երաշտը: Դա արագ կերպով ազդում է ոչ միայն երեխաներին ու ընտանիքներին հասանելի սննդի վրա, այլև՝ սննդի որակի և գնի:
  Իրավիճակը Հայաստանում՝
Հայաստանի երեխաների 3 %-ը թերքաշ է: Երեխաների 4 %-ը թերսնված, իսկ 2 %-ը՝ խիստ թերսնված: Ըստ մարզերի՝ թերսնվածությունը տատանվում է՝ սկսած Տավուշի 0 %-ից մինչև Արագածոտնի 23 %-ը:
Մինչ 5 տարեկան երեխաների 14 %-ը գերքաշ է: Սա նշանակում է, որ գերքաշությունը շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի երեխաների շրջանում, քան թերքաշությունը: Չնայած տարբերությունները մեծ չեն՝ գերքաշության մակարդակը տղաների շրջանում ավելի բարձր է (15 %), քան աղջիկների շրջանում (13 %): Ըստ մարզային համեմատության ցուցանիշների՝  Արարատում բնակվող երեխաներն ավելի են հակված գերքաշության (36 %), քան մյուս մարզերի երեխաները (5-19 %):
Եվս մեկ խոսուն ցուցանիշ. Հայաստանում 6-23 ամսական երեխաների միայն 24 %-ի սնուցումն է համապատասխանում նվազագույն ընդունելի սննդակարգի չափանիշներին: Տվյալները Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 հետազոտությունից են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *