Հասարակություն

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու մասին: Ալեքսանյանը կաջակցի ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին:
 Այս նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի - Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ:
 «Ըստ վիճակագրության՝ մինչև 5 տարեկան երեխաների 14 %-ը գերքաշ է, իսկ 9 %-ը՝ թերսնված: Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի ու առողջ սնվի», - նշել է Ալեքսանյանը: «ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունն ու աջակցել ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը»,- ավելացրել է մարզիկը:
 Վերջին 2 տասնամյակում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում. նշանակալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, բարձրացել է բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը, մինչ 18 տարեկանների բուժումը դարձել է անվճար: Այնուամենայնիվ, երեխաների սնուցման և ֆիզիկական ակտիվության վիճակագրությունը շարունակում է անհանգստացնել:
 «Ուրախ ենք, որ օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը միացել է մեզ՝ որպես Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, երեխայի իրավունքների և առողջ ապրելակերպի ջատագով, Ալեքսանյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Վաղ հասակում պատշաճ սնուցումը նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև ուղեղի զարգացմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ Հայաստանում առողջ մանկությունը յուրաքանչյուր երեխայի համար իրականություն դարձնելու գաղափարի համար»:
 Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈւՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *