Հասարակություն

Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավարի հրաժարականը

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

«Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, ղեկավարի սխալները, որոնք բերում են այսպիսի տհաճ պատկերի: Նա չի ճանաչում մեծ, փոքր: Իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրել, միկրոֆոնը վերցնում է և միանձնյա ուզում է ղեկավարել, բայց ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն: Միկրոֆոնը պիտի իր ձեռքում լինի, մեծ սեր ունի միկրոֆոնի հետ, դրա համար շատ բաներ թերի են մնում ներկայացումներում: Հասկացանք, որ այսպես շարունակվել չի կարող, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում երկար տարիների ընթացքում, այսպիսի անախորժելի երևույթ, և ստիպված ենք դիմել այսպիսի քայլի»,- ասաց նա:

Արտիստները նշել են, որ այս հարցով դիմել են Արմեն Գրիգորյանին, Կոնստանտին Օրբելյանին, Մշակույթի նախարարությանը, բայց ապարդյուն՝ ոչ մի արձագանք չկա:

Բալետային խմբի փորձավար, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանն էլ նշել է, որ  Արմեն Գրիգորյանը նախկին աշխատավայրում՝ խորեոգրաֆիկ քոլեջում էլ է խնդիրներ ունեցել, նույնիսկ երեխայի ծեծել, այդ պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

«Իմանալով այդ մասին ո՞նց են նրան ղեկավար պաշտոնի վերցնում Օպերային թատրոնում»,- զարմանք է հայտնել նա:

Տեսանյութը՝ Մեդիակենտրոնի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *