Հասարակություն

Ուսման վարձերը կարելի է վճարել ամսեամիս

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը Մխիթար Հայրապետյանն է, քննարկվում է «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։

Խոսքը վերաբերում է ուսման վարձերի վճարումներին, փոփոխված օրենքի ընդունումից հետո ուսանողները յուրաքանչյուր ամիս կկարողանան վճարել իրենց ուսման վարձերը։ Տիգրան Ուրիխանյանն ընդգծեց, որ սա չափազանց պահանջված նախաձեռնություն է եւ խնդրեց կողմ քվեարկել։ «Ռեկտորների հետ քննարկումների ժամանակ, երբ զբաղեցնում էի այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ասում էին, որ կարող են բուհերում հաշվապահական խնդիրներ առաջանալ, սակայն կարծում եմ, որ ուսումն ավելի առաջնային է, քան հաշվապահական խնդիրները»,-ասաց Ուրիխանյանը։

Կառավարության կարծիքը ներկայացրեց Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ, ասաց, որ նախարարությունը դրական կարծիք է տվել նախաձեռնությանը, սակայն մի քանի մտահոգող հարցեր կային. «Արդյո՞ք բուհի ինքնավարությանը չի խոչընդոտի, հարցումներ ենք արել եւ պարզել, որ չի խոչընդոտում։ Երկրորդը խնդիրը բուհերի ֆինանսական խնդիրներն էին, հարցումներից հետո պարզ դարձավ, որ ֆինանսական խնդիրների առջեւ բուհերը չեն կանգնի։ Այս նախաձեռնությունը բուհերի համար որեւէ խոչընդոտ չի ստեղծի»- ասաց փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը։

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ այս նախաձեռնությամբ կօգնեն ուսանողներին վարկեր չվերցնել ուսման վարձը վճարելու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *