Հասարակություն

Փոխվարչապետը խոստանում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստանում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի փոխվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում է գազի սակագնի բարձրացում նաև սոցիալապես անապահով ընտանիք հանդիսացող սպառողների համար, 1 խմ-ի դիմաց 100 դրամի փոխարեն այն դառնալու է 133 դրամ: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր ծրագրեր կան՝ գազի գնի բարձրացման խնդրի մեղմման համար:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ չհամաձայնեց պատգամավորի այն պնդմանը, թե գազի գնի շուրջ բանակցություններն անցել են ապարդյուն: «Նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել, թե ինչքան է գինը պահպանվում սահմանին Հայաստանի համար, և ինչ գին ունի գազը այսօր աշխարհում՝ թե բորսայական, թե եվրոպական առանձին երկրների համար»,-ասաց փոխվարչապետը:

«Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ: «Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվել է կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու, և այդ հնարավորությունը կա»,-ասաց Գրիգորյանը՝ խոստանալով, որ անապահով խավի համար չի բարձրանալու:

Սահմանին գազի գինը 2022-ի համար մնում է նույնը: ««Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է հայտ, որով դեռևս 2013-ին սահմանված կալորիականության հաշվարկի կիրարկման խնդիր է դրվում: Կալորիականության հաշվարկի խնդիրն այնուամենայնիվ ենթադրում է, որ այլ հավասար պայմաններում գազի սպառման ծավալի պարագայում չի փոխվում գինը, սակայն իհարկե, չի բացառվում, որ սպառումը կաճի: Եվ այդ իմաստով ցանկացած հետևանք, կարծում եմ, հեշտությամբ, կչեզոքացվի»,-ասաց փոխվարչապետը:

Հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: Ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *