Հասարակություն

Պահեստազորի մայորը հացադուլ է անելու նաև դեսպանատների դիմաց

Պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը կրկին հացադուլ է հայտարարել կառավարության շենքի առջև։ Նշենք, որ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախակի է այս քայլին դիմել։ Նա գումարային փոխհատուցման պահանջներ ունի Պաշտպանության նախարարությունից (պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար – հեղ․)։

«Պաշտպանության նախարարությունը այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները։ Օգոստոսի 26-ի դրությամբ ես տեղեկացվել եմ, որ ծառայողական քննությունն ավարտվել է, սակայն այնպիսի տպավորություն է, որ դա ձևական բնույթ է կրում՝ տվյալ հարցը քնեցնելու տեսանկյունից»,- «Ա1+»-ին հայտնեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ փոխհատուցման խնդիրին վերաբերող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականը նույնպես կատարված չէ, մինչև այժմ պարզաբանված չեն, թե ինչու չեն տրվում վճարվելիք գումարները։

Պահեստազորի մայորը հավելեց, որ հացադուլ անելու է ոչ միայն կառավարության շենքի առջև, այլ նաև՝ Հանրապետության տարածքում գործող դեսպանատների դիմաց։

Հիշեցնենք, որ օգոսոտոսի 6-ին կառավարությունից Խաչատրյանին նամակ էր փոխանցվել, որից տեղեկանում ենք, որ Ցոլակ Խաչատրյանի իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ՊՆ մուտքագրվելուց հետո գործով առկա փաստաթղթերը ենթարկվել են հետազոտման։

«Գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացությանը, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ»,- նշված էր պատասխանի մեջ։

Փաստաթղթում նշված էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից տրված՝ ծառայողական քննություն անցկացնելու հրատապ հանձնարարության մասին․ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը և կարգը հստակեցնելու նպատակով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *