Հասարակություն

Պետական դավաճանության ևս 1 դեպք. Բաքվի հետախուզությունը ՀՀ քաղաքացուն հավաքագրել է Ստամբուլում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին,  որ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների  կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ, այդ կերպ՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայություններին ցուցաբերել է օգնություն:

«Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու  մեջ  անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ ՀՀ ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *